Ճանապարհաշինական ծրագրեր՝ Մառնեուլիի հայաբնակ գյուղերում

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը 23 ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար մրցույթ է հայտարարել:

Ըստ պետական գնումների ծառայության կայքում հայտարարած մրցույթի՝ նշված ծառայությունը ներառում է ավտոճանապարհների, այդ թվում՝ դրանց վրա տեղակայված արհեստական ​​կառույցների (պատեր, խողովակներ, կամուրջներ և այլն) վերականգնման նախագծային ծախսերի հաշվառման և մրցութային ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի տրամադրում։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է մունիցիպալիտետի տարածքում ճանապարհների կառուցման և վերականգնման աշխատանքների նախագծային ու ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները գնել 400 հազար լարիով:

Հիմնվելով մրցույթային փաստաթղթի վրա՝ «Ալիք Մեդիա»-ն առանձնացրել և ներկայացնում է Մառնեուլիի հայաբնակ այն գյուղերի ցանկը, որտեղ ևս նախատեսվում է ճանապարհաշինական/վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

  1. Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (բետոնե/երկաթբետոնե ծածկով),
  2. Ծերաքվի և Սիոնի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (բետոնե/երկաթբետոնե ծածկով),
  3. Չանախչի գյուղի դպրոց տանող ճանապարհի վերանորոգում (բետոնե/երկաթբետոնե ծածկով),
  4. Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհի վերանորոգում (բետոնե/երկաթբետոնե ծածկով),
  5. Աղքյորփի գյուղում դեպի զբոսաշրջային դիտակետ տանող ճանապարհի կառուցում:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են առաջարկություններ ներկայացնել դեկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթող ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում քաղաքապետարանին պետք է տրամադրի նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթեր։