Ծնելիության մակարդակը նվազել է, ավելի շատ ծնվում են տղաներ

2019 թվականին Վրաստանում ծնվել է 48 296 երեխա, այդ թվում 25 029 տղա և 23 267 աղջիկ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,6 տոկոսով: Այս մասին ասվում է Վրաստանի վիճակագրական ծառայության զեկույցում:

2019 թվականին ամենաշատ ծնելիություն գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 16 022 երեխա, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջանում՝ 284 երեխա: Ինչ վերաբերում է Սամցխե Ջավախեթիին, այստեղ 2019 թվականի ընթացքում ողջ ծնվել է 1 904 երեխա, մահացել՝ 1 945 մարդ:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշին, այստեղ մահերի քանակն ավելացել է 0,3 տոկոսով և կազմել է 46 659: Մահացությունների ամենաշատ քանակը արձանագրվել է Թբիլիսիում՝ 12 549 մարդ, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջանում՝ 686 մարդ:

2019 թվականի տվյալներով, բնական աճը երկրում (ողջ ծնվածների և մահացածների տարբերությունը) կազմում է 1 637 միավոր, ինչը 64,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: