Տեառնընդառաջի խարույկը վառվեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում

Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի մամլո դիվանի

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո մեկնարկել է Տեառնընդառաջի նախատոնակը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Հաղորդում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը։

Տյառնընդառաջը (Տրնդեզը) ժողովրդի սիրած տոներից է, որը նշում են նորապսակ զավակներ ունեցող ընտանիքներում:

եառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Եկեղեցիներում էին այն ամուսնական զույգերը, որոնք Սուրբ տաճարներում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Հոգևոր հայրերը օրհնելով զույգերի ամուսնությունը՝ մաղթեցին նրանց երկար տարիների համատեղ երջանիկ և խաղաղ ընտանեկան կյանք՝ շրջապատված բազում զավակներով և հարազատներով:

Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվել է Տեառնընդառաջի նախատոնակը: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, ժամերգության ընթացքում ներկաները ունկնդիրը եղան տոնի խորհրդին, որից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթից պահպանվել է խարույկավառությունը: Հավարտ երեկոյան ժամերգության, Սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով, թեմակալ առաջնորդի ձեռամբ բակում բոցկլտած տրընդեզյան խարույկը, որը բազմապատկեց ներկաների տոնական տրամադրությունը:

Կարևորելով մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարգը, և նաև ժողովրդի կողմից սիրված տոնը ուրախ դարձնելու համար, թեմակալ առաջնորդի օրհնությամբ, համերգային ծրագիր էր պատրաստել թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը՝ ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ:

Համերգային ծրագրում ընդգրկվել էին կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) դուդուկի և դհոլի խմբակները (ուսուցիչներ՝ Իվանե Մկրտչյան, Սերգո Մալխասյան), «Տարոն» ազգագրական պարի համույթը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան), «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթը (ղեկավար՝ Վլադիմիր Ասատուրով), մենակատարներ Աիդա Բազոյանը, Մարիաննա Ներսեսովան, Արման Պապիկյանը, Էդվին Հախոյանը, Սոֆյա Օգանեզյան, հնչյունային օպերատոր Սերգեյ Արութունյանը: Համերգին իր մասնակցությունն էր բերել «Ջեյրան» պարային համույթը գեղարվեստական ղեկավար և պարուսույց Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ:

Համերգի վարող Եվգենյա Մարկոսյանի հայտարարությամբ իրար հաջորդեցին ուրախ երգն ու պարը, հանդիսատեսի շուրջպարը և խարույկի վրայով թռչելու ոգևորությունը:
Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ.Էջմիածին եկեղեցիների հոգևոր ծառայողների և եկեղեցիների խաչի կնքահայրեր Արտակ Ավետիսյանի և Սամվել Պողոսյանի աջակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն:
Տոնակատարության ուրախ տրամադրությանը համահունչ հիասքանչ ավարտ դարձավ գեղեցիկ հրավառությունը:

Փետրվարի 14-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, տրվեց Տեառնընդառաջի տոնի Սուրբ Պատարագ: Տերունի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում: