Տեսանյութ. Պարի պետական անսամբլը Թբիլիսիում՝ ՀՀ անկախության տոնին

Հայաստանի Պարի պետական անսամբլը 20 տարի անց կրկին Թբիլիսիում է: Սեպտեմբերի 23-ին ներկայացավ Ռուսթավելիի թատրոնում՝ ՀՀ անկախության օրվան նվիրված համերգով: 19 համարից բաղկացած ներկայացումը ներառում էր նաև վրացական համարներ:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ասում է՝ հանդիսատեսի համար այս ներկայացումն առավել հոգեհարազատ էր: Նույն կարծիքին էր հանդիսատեսը ևս՝  Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, վրաց պաշտոնյաները, պատգամավորներն ու վիրահայ համայնքը:

Միջոցառմանը խոսքով ելույթ ունեցան ՀՀ դեսպան Սադոյանն ու Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, խոսեցին հայ-վրացական հարաբերությունների ձեռքբերումների մասին: Ներկա էր նաև Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից:

Ի դեպ, այս տարի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, եռագույնի լույսերով էր վառվել նաև Թբիլիսիի հեռուստաաշտարակը, իսկ մայրաքաղաքի գլխավոր էկրաններին ներկայացված էին տեսահոլովակներ Հայաստանի մասին: Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Վրաստանի արտգործնախարարությունը: