Տեսանյութ. Թբիլիսիում թափառող շների հարցը լուծելու համար մեծ գումարներ են ներդրվում

Թբիլիսիի չորքոտանի բնակիչներն են։ Դիմացկուն ու ուժեղ տեսակները՝ բացօթյա տարածքում են, հատուկ խնամքի ու ավելի շատ ուշադրության կարիք ունեցողներն այս սենյակներում, երեխաները՝ դրսում են։ Նույնիսկ խաղալիքներ ու խաղահրապարակ ունեն։ Ամեն ինչ՝ ինչպես իսկական ընտանիքում։ Թբիլիսիի կենդանիների մոնիթորինգի գործակալության թափառող շների ապաստարանում տոն է, հյուրերը շատ են։ Կենդանիների իրավունքների պաշտպանության օրը լավ առիթ է խոսել ձեռքբերումներից, հպարտանալ հաջողություններով ու շնորհակալ լինել աջակիցներին:

Թբիլիսիի թափառող կենդանիների ապաստարանում հայտնվելուց շունն անցնում է բոլոր փորձաքննությունները, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, պատվաստումներ են կատարվում։ Ականջի հատուկ կոճակը հուշում  է՝ շունն առողջ է, պատվաստված եւ անվտանգ: Վրաստանի կենդանիների մոնիթորնինի բաժինը թափառող շների հարցը լուծելու համար տարեկան ավելի քան 2 միլիոն լարի է ծախսում։ Ի դեպ, Թբիլիսիի ամենահայտնի շունը ևս այս ապաստարանի նախկին բնակիչ է: Մեկ տարի առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ապաստարան այցելելուց հետո շներից մեկին վերցրել էր, այժմ Տիֆանին մշտապես Կալաձեի հետ է, երբեմն մասնակցում է քաղաքապետարանի նիստերին:

«2018-ին մեր ապաստարանի գոյության պատմության մեջ ռեկորդային տարի էր, 4700-ից ավելի վիրահատություն է արվել, այդ թվում նաև ստերջացում: Օրվա ընթացքում երկու տասնյակ վիրահատություն էր արվում: Սա անտուն կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ մարդասիրական մեթոդներից մեկն է»,- ասում է գործակալության տնօրեն Վախթանգ Լոմջարիան:

Վրաստանի հաջողված փորձն օրինակելի է հարևան Հայաստանի համար։ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատվիրակությունը մոնիթորինգի գործակալության հրավերով Թբիլիսիում է՝ փորձին ծանոթանալու ու հետագա համագործակցության հիմքեր դնելու նպատակով։ Խմբակցությունն արդեն տևական ժամանակ ահազանգում է՝ անտուն կենդանիների հարցը լուծելու էժան բայց դաժան տարբերակը պետք է փոխարինել առավել մարդասիրականով։ Մինչ այժմ քաղաքում թափառող կենդանիների հարցը լուծվել է գիշերային մեկ կրակոցով.

«Այս խնդիրը Վանաձորում միշտ է եղել, կիրառվել է բացառապես գիշերային  որսի միջոցով շների ոչնչացման տարբերակը: 2016-ին, երբ նոր ավագանու կազմը սկսեց աշխատել ու համայնքապետ նշանակվեց, քննարկման արդյունքում արդեն դրական տեղաշարժ է նկատվում, հիմա տարբեր երկրների փորձն է ուսումնասիրվում: Լավն այն է, որ համայքնապետարանն ընդառաջել է կենդանասերներին, և այս պահին կրակելու պրակտիկան դադարեցված է»,- ասում է Վանաձորի ավագանու անդամ Անահիտ Կարապետյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Վանաձորում ստերջացման գործընթացը սկսելուն պես համատեղ աշխատել: Թբիլիսին պատրաստ է թե ընդունել վանաձորցիներին՝ մասնագիտական նրբություններին ծանոթացնելու համար, թե սեփական մասնագետներին գործուղել Հայաստան։