Տեսանյութ. Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Թբիլիսիում Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընդունելություն կայացավ: Միջոցառումը բացեց Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանը:

Պաշտոնական ընդունելության ժամանակ հնչած ելույթներում հիմնականում շեշտը դրվեց հայ-վրացական հարաբերությունները ավելի խորացնելու կարևորության վրա:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհավորեց ՀՀ Զինված ուժերի 27-ամյակի կապակցությամբ.

«Այս տարիների ընթացքում մենք շատ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք։ Ուզում եմ ընդգծել վերջին տարիներին մեր հարաբերություններում շփումների  ակտիվացումը, ինչն արտացոլվում է բազմազգ վարժանքներին Հայաստանի ԶՈՒ-ի մասնակցությամբ: Մեզ ուրախացնում է, որ այս հարաբերություններն էլ ավելի կխորանան: Վերջերս հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ապագայում շարունակել ու խորացնել երկուստեք համագործակցությունը»:

Իզորիան ավելացրեց նաև, որ մոտ ապագայում ծրագրվում է նրա այցը Հայաստանի հանրապետություն:

«Ունենք զարգացման դրական դինամիկա, ինչն ապագայում մեր երկրների պաշտպանական ոլորտի համագործակցությունը խորացնելու հիմք է տալիս»,- ասում է Իզորիան:

Ընդունելությանը ներկա էր Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ: