Տեսանյութ. Վրաստանում արդեն պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ. գրանցվել է մոտ 700 բուժաշխատող

Վրաստանում ընթացքի մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Առաջին փուլով «Աստրազենեկա» պատվաստանյութ են ստանում բուժաշխատողները:

Արդեն պատվաստվել են երկրի գլխավոր վարակաբաններից երկուսը (Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի` բուժական մասի տնօրեն Մարիա Էզուգբայան), մարտի 18-ին կպատվաստվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Այսօրվա դրությամբ պատվաստվելու համար հատուկ հարթակում գրանցվել է մոտ 5000 բուժաշխատող, պատվաստվել է մոտ 700-ը: Մասնագետներն ասում են` առաջին պատվաստումից հետո մարդն արդեն ապահովագրված է վարակից, սակայն լիարժեք դիմադրողականության հասնելու համար անհրաժեշտ է նաև երկրորդը:

Պետությունը տեղեկատվական արշավ է սկսել` «Պատվաստանյութը պաշտպանում է» խորագրով. բնակչությանը կոչ են անում պատվաստվել` վստահեցնելով, որ մասսայական պատվաստումը կանգնեցնելու է պանդեմիան, իսկ 1.5 միլիոն մարդու պատվաստման դեպքում երկիրը կվերադառնա նախկին ռիթմին: