Դպրոցների տեխնիկական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա

2024 թվականին դպրոցների տեխնիկական անձնակազմի աշխատավարձի զգալի բարձրացում կլինի, խորհրդարանում ասել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին։

Ըստ նրա՝ նշված ուղղությամբ լիակատար պատրաստակամություն կա, և բյուջեն պատրաստ է. «Ինչ վերաբերում է հավաքարարներին, տեխնիկական անձնակազմին, պահակին, տեղյակ եմ, թե որքան է նրանց աշխատավարձը, և այս չափ աշխատավարձի պայմաններում ամոթալի է խոսել դրա մասին»:

Ըստ ԿԳ նախարարի՝ կան դպրոցներ, որտեղ, ցավոք, հիշյալ աշխատակիցների աշխատավարձը 160-170 լարի է։

«Նման դպրոցներում հնարավոր է 40 տոկոսով աշխատավարձի բարձրացում, բայց կան մեծ դպրոցներ, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է, կարծում եմ՝ այստեղ առնվազն 20 տոկոսով բարձրացում կլինի, ոչ թե 10։ Ես կարող եմ խոստանալ, որ 2024 թվականին տեխնիկական անձնակազմի աշխատավարձի զգալի բարձրացում է լինելու՝ շատ ավելի, քան սովորական 10 տոկոսը։ Մենք լիովին պատրաստ ենք, բյուջեն պատրաստ է»,- interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է ԿԳ նախարարը։