Թամար Լորթքիփանիձեին մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թամար Լորթքիփանիձեին. նա հոկտեմբերի 22-ի բողոքի ակցիայի ժամանակ բարձրացել էր պարեկային մեքենայի վրա:

Ներքին գործերի նախարարությունը սկզբում Լորթքիփանիձեին ձերբակալել է Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով` խուլիգանություն։

«Քննությունը պարզել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում` Վրաստանի խորհրդարանի մոտ, մեղադրյալը հարվածել է տաքսու վարորդի դեմքին, որի հետևանքով տուժողը վնասվածքներ է ստացել։ Մեղադրյալը նաև հարձակվել է հասարակական կարգը պահպանող ՆԳՆ պարեկային ոստիկանության մեքենայի վրա, բարձրացել դրա տանիքին և դիտավորյալ վնասել` հարվածելով ոտքով։ Մեղադրյալի գործողությունները պատճառել են 3300 լարիի չափով վնաս», — ասված է դատախազության հայտարարության մեջ։

Թամար Լորթքիփանիձեին մեղադրանք է առաջադրվել նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն) և 353-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանական մեքենայի վրա հարձակում՝ ոստիկանի ծառայողական գործունեության ժամանակ) հատկանիշներով, որոնք նախատեսում են 4-ից 7 տարի ազատազրկում։

Դատախազությունը հայտնել է, որ միջնորդություն կներկայացնի Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։