Թբիլիսիի դրոշն ու զինանշանը հնարավոր է փոխվեն

Թբիլիսիի դրոշն ու զինանշանը հնարավոր է փոխվեն։ Այս մասին Interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանին կից գործող զինանիշագիտության (հերալդիկայի) պետական խորհրդի դիզայնի և վերլուծության ծառայության ղեկավար Դավիթ Չխեիձեն:

Նրա մեկնաբանությամբ, մայրաքաղաքի այսօր գոյություն ունեցող խորհրդանիշները՝ զինանշանը և դրոշը չեն համապատասխանում հերալդիկայի նորմերին:

«Հիմա քաղաքապետարանը և սակրեբուլոն (ավագանին) աշխատում են նոր զինանշանի և դրոշի ստեղծման վրա: Հանձնաժողովն արդեն ձևավորված է, գործընթացը մեկնարկել է»,- ասել է Չխեիձեն:

Նրա խոսքով, ժամանակակից զինանիշագիտության համաձայն, սպիտակի և ոսկեգույնի համադրությունն անընդունելի է, միակ բացառությունը Քրիստոսի Երուսաղեմի խաչի խորհրդանիշն է:

«Շատերի համար անհասկանալի է, թե ինչու ունենք նման դրոշ, սակայն խորհրդային միության ժամանակ՝ 1989 թվականին, երբ ստեղծվեց դրոշը, Վրաստանի համար խաչի պատկերումը մեծ ձեռքբերում էր»,- ասել է Չխեիձեն: