Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով

«Վարդագույն հոկտեմբեր» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի շրջանակներում, որին միանում է նաև Վրաստանը, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով, հայտնում է Թբիլիսիի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդը)։

«Արշավը մեկնարկում է Թբիլիսիի սակրեբուլոյի փոխնախագահ Թինաթին Նիբլոշվիլիի և սակրեբուլոյի գենդերային հավասարության խորհրդի նախաձեռնությամբ», — նշված է Թբիլիսիի սակրեբուլոյի տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկության համաձայն՝ ակցիան ունի միջազգային բնույթ, ամեն տարի ավելանում է մասնակից երկրների թիվը։ «Վարդագույն հոկտեմբեր»-ն ամբողջ աշխարհում նշվում է 1997 թվականից և ծառայում է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը։