Թբիլիսին արձագանքում է Վրաստանով Հայաստան զինտեխնիկա առաքելու լուրին

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաների առաքման մասին տեղեկությանը:

ԱԳ նախարարը Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժեր, և երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զենքի, ցանկացած երկիր իրավունք ունի գնել այն, և Թբիլիսիի դիրքորոշումն է՝ երկու երկրներին (նկատի ունի Հայաստանին և Ադրբեջանին-խմբ.) հնարավորություն տալ օգտագործելու Վրաստանի տրանզիտային գործառույթը հավասար պայմաններում:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, այս գործընթացում Վրաստանը բավականին հաջողությամբ է իրականացնում անաչառ խաղացողի դերը:

«Մեր երկու բարեկամ ու եղբայր ժողովուրդների (նկատի ունի Հայաստանին և Ադրբեջանին-խմբ.) հետ միասին մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումն է։ Ընդհանրապես, Վրաստանը միշտ, տարիներ շարունակ, փորձել է ստանձնել այդ բնական դերն այս գործընթացում, թեև դա շատ բարդ, համապարփակ հակամարտություն էր, և հենց վարչապետի (նկատի ունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին-խմբ.) հատուկ ջանքերով, երկու երկրների ղեկավարների հետ իր անձնական հարաբերություններով, մենք ստացանք կոնկրետ արդյունք՝ երկու երկրների համար փոխշահավետ պայմանավորվածություն»,- ասել է ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը բացահայտ սկսել են խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց խոսույթն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա:

Ուշագրավ է, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով: Ադրբեջանական կողմը Վրաստանի տարածքով ՀՀ-ին սպառազինության առաքումը միանշանակ չի ընդունել: