Թբիլիսին չի բացառում ԱՄՀ-ի հետ համագործակցության դադարեցման դեպքում հնարավոր ռիսկերը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցության ծրագրի դադարեցումը կսպառնա Վրաստանի մակրոտնտեսական կայունությանը, և երկիրը խնդիրներ կունենա վարկերի հայթայթման առումով, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն «Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի Stand-By համագործակցության եռամյա ծրագիրը, որը հաստատվել է 2022 թվականի հունիսին, անորոշ ժամկետով կասեցված է։ Ըստ այդմ՝ ԱՄՀ-ն պատրաստ էր Վրաստանին մի քանի տրանշով հատկացնել 280 մլն դոլար՝ տնտեսական բարեփոխումների հաջող իրականացման և պարտավորությունների կատարման դեպքում։

Կակաուրիձեի խոսքով, ներկայիս կարգավիճակը խնդիրներ չի ստեղծում այլ ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող նախագծերի համար, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Նա հավելել է՝ ծրագրի կասեցումը կապված է Ազգային բանկի խնդիրների, այլ ոչ թե կոնկրետ պատժամիջոցների ռեժիմի կիրառման վերաբերյալ կարգավորողի քաղաքականության վերանայման հրամանի հետ։