Թբիլիսին Մինսկին կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մինսկ այցելությանը և հայտարարել, որ այդ գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Բժանիայի Մինսկ այցելությունը փորձ է լեգիտիմացնելու ռուսական օկուպացիոն ռեժիմը։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Բելառուսի նախագահի հանդիպումը օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ։

Կոչ ենք անում Բելառուսին հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարեցնել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին հակասող գործողությունները»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։