Լրատվամիջոցների համատեղ հեռարձակումը՝ ի պաշտպանություն եվրոպական ընտրության

Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, տեղի է ունեցել «Լրատվամիջոցներն ի պաշտպանություն եվրոպական ընտրության» խորագրով յոթ լրատվամիջոցների համատեղ հեռարձակումը։

Համատեղ հաղորդումը ուղիղ եթերով հեռարձակել են Mtavari-ն (Գլխավոր ալիք), TV Pirveli-ն, Formula-ն, Kavkasia-ն և առցանց մեդիա հարթակներ Netgazeti-ն, On.ge-ն և Publika-ն:

«Անկախ Վրաստանի պատմության ընթացքում վրացական լրատվամիջոցները միշտ կանգնած են եղել այստեղ՝ Ռուսթավելիի վրա, լուսաբանել են իրադարձությունները, պատմել, թե ինչ է տեղի ունենում այս 30 տարիների ընթացքում։ Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես է չար ուժը ծեծում քաղաքացիներին։ Ուզեցել են սպանել մեզ, բայց դա տեղի չունեցավ անգամ հուլիսի 5-ին»,- ասել է Formula TV-ի հաղորդավար և լրագրող Վախո Սանայան։

Լրատվամիջոցների համատեղ ծրագիրը նախորդում է այսօր՝ հունիսի 20-ին անցկացվելիք «Տուն դեպի Եվրոպա» ակցիա-երթին, որը կանցկացվի Թբիլիսիում, Վրաստանի տարբեր շրջաններում և եվրոպական մի շարք քաղաքներում։

Հանրահավաքը կազմակերպում են «Ամոթ է»-ն և քաղաքացիական տարբեր շարժումները։

Բացի Թբիլիսիից հունիսի 20-ին քաղաքացիներ կհավաքվեն Զուգդիդիում, Բաթումում և Քութայիսում։