Գիորգի Օգանեսյանը պայքարում է հաղթանակի համար

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 18:20-ին Formula հեռուստաընկերության եթերում կկայանա «Միսիա» նախագծի կիսաեզրափակիչ փուլը, նախագծի շրջանակներում հաղթած մասնակիցը կմեկնի ԱՄՆ կրթություն ստանալու նպատակով։ Նախագծի մասնակից է նաև հայազգի Գիորգի Օգանեսյանը, ով նախագծի շրջանակներում վերհանել է մի շարք, այդ թվում՝ դիմորդների խնդիրները:

«Առաջին թեման, որ ներկայացրել եմ նախագծի շրջանակներում դիմորդներին էր վերաբերում, երբ նրանք դժվարանում են ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև համալսարանը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել էր Օգանեսյանը:

Օգանեսյանը նաև հայտնել է, որ նախագծի մասնակիցներից շատերին ծանոթ է, նրանց հետ հաճախ է քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նշենք, որ մասնակիցները նախագծի շրջանակներում առանձնացնում են Վրաստանում առկա կարևոր խնդիրները՝ ներկայացնելով դրանցից դուրս գալու ելքը։ Առաջին ելույթից հետո մեկնարկել էր քվեարկության շաբաթը, ինչի արդյունքում պետք է պարզ դառնար, թե ով է լքում նախագիծը և ով է ճանաչվում հաղթող:

24 երիտասարդներից այս մրցույթում ընտրվել են 12 ապագա առաջնորդներ։ Ծրագրում ընդգրկված երիտասարդներն ամեն շաբաթ ժյուրիին են ներկայացնում Վրաստանում տարբեր խնդիրների լուծման ուղիները։ Յուրաքանչյուր շաբաթ հանդիսատեսից ամենաշատ ձայները ստացած մասնակիցը դառնում է շաբաթվա հաղթողը: Երկու մասնակից, ովքեր ամենաքիչ ձայներն են հավաքում՝ լինում են «աութսայդերների» կազմում, և ժյուրին է ընտրում, թե ում թողնի շոուում: