Վրաստանում զբոսաշրջությունն արագ կերպով վերականգնվում է

Վրաստանի Զբոսաշրջության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մարտին Վրաստանում գրանցվել է շուրջ 159,2 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը գրեթե 108 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից։  

Վիճակագրության համաձայն՝ վերականգնվել է զբոսաշրջային այցելությունների նախքան համավարակը եղած մակարդակի 48,5 տոկոսը, այսինքն՝ 2019 թվականի մարտի մակարդակի գրեթե կեսը։ 

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի մարտին Վրաստանում գրանցվել է շուրջ 211 500 այցելություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճելով 266,3 տոկոսով։ Անցած մեկ ամսվա ընթացքում միջազգային այցելությունների թիվը կազմում է նախքան համաճարակը եղած մակարդակի 34,1 տոկոսը։ 

Նշենք, որ 2021 թվականին Վրաստան է կատարվել շուրջ 1 մլն 600 հազար այցելություն, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 միլիարդ դոլար։ 

Հատկանշական է նաև, որ նախքան համաճարակը զբոսաշրջությունը համալրում էր Վրաստանի տնտեսության մոտ 10 տոկոսը։ 2019 թվականին Վրաստանում զբոսաշրջությունը ռեկորդներ է գրանցել՝ Վրաստան էր այցելել ավելի քան 9 մլն 300 հազար զբոսաշրջիկ, բերելով՝ 3,3 միլիարդ դոլար եկամուտ: Սակայն, այս ոլորտում եկամուտները նվազել են 2020 թվականին և կազմել 427,7 միլիոն դոլար, իսկ երկիր է այցելել 1 մլն 700 հազար զբոսաշրջիկ: