Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ 

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Դաշինքին՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին հրավիրելու համար, ինչը Վրաստանին Դաշինքի աջակցության ևս մեկ ձևերից է։ 

«Ընդգծվել է Գլխավոր քարտուղարի անձնական աջակցությունը Վրաստանին ու մեր երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը և այդ գործընթացում Դաշինքի շարունակական և ամուր աջակցության ապահովման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են ապագայում ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ներածական հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրի շուրջ։