Թբիլիսիում 169 մետրանոց երկնաքեր կկառուցվի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող, գործարար Նոշրևան Նիորաձեին պատկանող «Վի ար Վակե Թաուերս» ՍՊԸ-ն դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան՝ Թբիլիսիի Վակե թաղամասի սպորտային համալսարանի տարածքում 169 մետրանոց երկնաքեր կառուցելու թույլտվության համար:

Համապատասխան նախագծի առաջարկը Թբիլիսիի քաղաքային խորհուրդը կքննարկի հունիսի 29-30-ը։

Փաստաթղթերի համաձայն, բազմաֆունկցիոնալ համալիրը ներառում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ բնակելի տարածքներ։ Շենքը կունենա նաև փոքր ուղղաթիռի հարթակ։

Քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ նախատեսվող կառույցն ավելի բարձր է լինելու մերձակայքում գտնվող բոլոր շենքերից։ Ըստ նախնական գծագրերի՝ կառուցվելիք շենքի բարձրությունը գրեթե երկու անգամ գերազանցում է City Mall առևտրի կենտրոնի բարձրությանը։

Ծրագրի առաջարկը շինարարության թույլտվություն ստանալու նախնական փուլն է։ Այս առաջարկին, նախ, պետք է հավանություն տա սակրեբուլոն, իսկ հետո Թբիլիսիի ճարտարապետական ​​ծառայությունը, համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, պետք է քննարկի շինարարության թույլտվության հարցը։ Այդ ընթացքում նախագծում մի շարք դետալներ կարող են փոխվել։