Թբիլիսիում ցուցարարները փակեցին Ռուսթավելիի պողոտան

Այսօր ժամը 15:00-ին Վրաստանի կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով տեղափոխվեցին խորհրդարանի դիմաց, որտեղ և տեղադրեցին վրաններ: Ավելի ուշ ցուցարարները, հավաքվելով խորհրդարանի շենքի դիմաց, փակեցին Ռուսթավելի պողոտան:

Հիշեցնենք, Նիկա Մելիան ձերբակալվեց այսօր՝ փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:30-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն  է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Մելիան մեղադրվելով 2019-ի ամռանը հակաօկուպացիոն ցույցերի ժամանակ խորհրդարանի վրա գրոհելու փորձի մեջ, հրաժարվել էր վճարել դատարանի կողմից որոշված գրավը, դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, ու չնայած միջազգային ու արևմտյան գործընկերների հորդորներին, խորհրդարանը համաձայնեց ընդդիմադիր գործչին ձերբակալել: Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: Նույն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին, ով տարիներ առաջ եղել է Վրաստանի վարչապետ ու հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, ընդդիմության  հանդեպ վառ արտահայտվող ատելությամբ: Ղարիբաշվիլիի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց ժամեր անց Մելիան ձերբակալվեց։