Թբիլիսիում ցույցերի ժամանակ տուժածներն ու ձերբակալվածները կարող են փոխհատուցում պահանջել պետությունից. փաստաբան

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Գիորգի Անթաձեի խոսքերով հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ցույցը ցրելու ժամանակ տուժած անձինք կարող են պետությունից փոխհատուցում պահանջել: Անթաձեն հայտարարել է, որ առողջական վնասի դեպքում կարող են ինչպես բուժման ծախսերը պահանջել, այնպես էլ աշխատանքից բացակայելու փոխհատուցում:

«Առաջին հերթին, կարևոր է պարզել, թե հունիսի 20-ին այս կամ այն անձի կոնկրետ ինչ իրավունքներն է խախտվել և հետո արդեն հնարավոր է փոխհատուցում պահանջել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում կա, որի համաձայն, եթե անհամաչափ ուժ է գործադրվում կամ նույնիսկ եթե գործադրված ուժն օրինական է, ու դրա ընթացքում կոնկրետ մարդկանց վնաս է հասցվել, պետությունը պետք է փոխհատուցի»,- հայտարարել է Անթաձեն:

Բացի դրանից, փաստաբանը հայտարարել է, որ փոխհատուցում կարող են պահանջել նաև ձերբակալված անձինք, ում դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն առանց ապացույցների: