Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Նշվում է նաև, որ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ երկու երկրների վարչապետները ոչ ֆորմալ շփում են ունեցել Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում «Շատո Մուխրանի» համալիրում տրված պաշտոնական ընթրիքից հետո։

Ղարիբաշվիլին, Փաշինյանը և Ասադովը Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհի» համաժողովի բացման արարողությանը՝ հանդես գալով ելույթով։

Վրաստանի դերն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս արագ համաձայնության հասնելուն, այսօր անդրադառնալով հանդիպմանը՝ ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։

Ղարաբաղյան իրադարձություններից հետո Վրաստանում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ցանկանում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն տիրի, մենք կարող ենք նպաստել այդ գործընթացին: Հաճելի էր տեսնել, որ երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի — խմբ.) վարչապետները Վրաստանում էին, միասին մասնակցում էին նույն ֆորումին», — նշել է Բոճորիշվիլին: