«Ձեռքերդ քաշի’ր, երեխաս է»՝ այս կարգախոսով Թբիլիսիում մայրերի երթ է անցկացվել։ Բողոքի ակցիայի մասնակիցները Ֆիլհարմոնիայի համերգասրահի շենքից Կոստավա փողոցով և Ռուսթավելիի պողոտայով շարժվել են դեպի խորհրդարան։
Երթին մասնակցել են եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ քրեական մեղադրանքներով ձերբակալվածների մայրերը։ Նրանց ձեռքին ցուցապաստառներ են եղել «Ազատություն քաղբանտարկյալներին» մակագրությամբ։
Մայրերի երթին միացել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ուզում եմ ասել, թե որքան կարևոր է, որ այսօր մայրերը ոտքի կանգնեցին և եկան Ռուսթավելի` իրենց երեխաների համար արդարություն պահանջելու: Որտեղ արդարություն չկա, չկա խաղաղություն: Սա երևակայական խաղաղություն է: Ես ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին այս օրվա կապակցությամբ, որովհետև յուրաքանչյուր մայր ուրախ է, երբ ունի նման երեխա, որն արժանապատվորեն պաշտպանում է իր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հատկանշական է, որ արդեն 96 օր է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ բողոքի ցույցեր՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։