OC Media-ն Պապուաշվիլիին մեղադրում է ճնշում գործադրելու փորձի մեջ

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին մեղադրում է ճնշումների մեջ։

Լրատվական կազմակերպությունը գրում է՝ այն բանից հետո, երբ հրաժարվել են հրապարակել խորհրդարանի նախագահի կարծիքը, վերջինս դիմել է OC Media-ի դոնոր կազմակերպություններին։ OC Media-ն պնդում է՝ այս տեղեկությունն իրեն հաստատել է առնվազն մեկ ֆինանսավորող:

Խորհրդարանի նախագահի կողմից ճնշումների փորձի մասին OC Media-ի հրապարակված նյութում կարդում ենք, OC Media-ն իր աչքով է տեսել Պապուաշվիլիի կողմից դոնոր կազմակերպությանն ուղղված նամակը. «Նշված էր, որ Վրաստանի կառավարության և դոնորի միջև համագործակցությունը «հիմնված է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն ուղղված Վրաստանի ձգտումների ընդհանուր ըմբռնման վրա…Այն, որ դուք ֆինանսավորում եք մի կազմակերպության, որը միայն միակողմանի է լուսաբանում վրացական քաղաքականությունը և կտրականապես հրաժարվում է անգամ այլ կարծիքի հրապարակումից, այս ոգուն չի համապատասխանում»:

OC Media-ի հիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեի կարծիքով, դոնորների հետ շփումների այս տեսակը հարված է լրատվամիջոցների խմբագրական անկախությանը:

Պապուաշվիլիի գործընկեր, իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն OC Media-ի որոշումը գնահատել է որպես «գրաքննություն» և դրական է գնահատել գործընկերոջ պահվածքը:

«Շատ լավ է, որ Շալվա Պապուաշվիլին դոնորներին տեղեկացրել է գրաքննության մասին»,- ասել է Կոբախիձեն։