Թբիլիսիում ներկոտել են ռուսական անսամբլի ավտոբուսը

Թբիլիսիում ակտիվիստները ներկոտել են մի ավտոբուս, որը, ըստ վրայի գրության՝ պատկանում է ռուսական ժողովրդական անսամբլներից մեկին։ Համապատասխան լուսանկարները տարածել է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը։

«Կամուշկա» անսամբլը գործում է Ռուսաստանի Պերմի մարզում։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս միավորում է միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաստատությունների դպրոցականներին, ուսանողներին ու շրջանավարտներին։

Ըստ Պերմ քաղաքի վարչակազմի կայքի՝ փետրվարին «Կամուշկան» մասնակցել է «Հայրենիքի պաշտպանին» նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում Պերմի նահանգապետը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևներ է հանձնել Ուկրաինայում Մոսկվայի մղած լայնամասշտաբ պատերազմին մասնակցած զինվորականներին։

Բացի ներկ լցնելուց, ակտիվիստները նաև գրառումներ են արել ավտոբուսի վրա։