Իվանիշվիլին Ուկրաինայում պատժամիջոցների թեկնածու է

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անունը` որպես պատժամիջոցների ենթարկվելու թեկնածու, տեղադրվել է ուկրաինական կառավարության պատժամիջոցների WAR AND SANCTIONS պորտալում, գրել է BusinessPressNews-ը:

Պատժամիջոցների կիրառման հիմքը նրա «սերտ կապն է ռուսական քաղաքական վերնախավի հետ»: Մասնավորապես, պորտալը նշել է, որ Իվանիշվիլին «լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը Ռուսաստանում և Վրաստանում, որպեսզի շրջանցեն պատժամիջոցները»։

Բացի այդ՝ Իվանիշվիլին բիզնես շահեր ունի Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Վերջինս Սանկտ Պետերբուրգի նահանգապետն էր 2011 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 3-ը և գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Իվանիշվիլին նաև գործնական հարաբերություններ ունի Աննա Կուվիչկոյի հետ, որը Պետդումայի պատգամավոր էր 2016 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը։