«Թբիլիսոբա»-ն կնշվի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, այս տարի կնշվի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ «Թբիլիսոբա»-ի միջոցառումները սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կանցկացվեն Օրբելիանիի հրապարակում, Ռիկղեի այգում և Պետական ​​հանդիսությունների պալատում։

Քաղաքապետարանը միջոցառումների կազմակերպման ծառայությունները ցանկանում է գնել առանց մրցույթի, որի համար հատկացրել է 3 մլն 140 հազար 175 լարի:

«Իրադարձությունների առանձնահատկություններից ելնելով` նախատեսված միջոցառումների գերակշիռ մասը հեղինակային իրավունքով պաշտպանված գործեր են: Դրա հետ մեկտեղ՝ վերոնշյալ գործունեությանը զուգահեռ առաջանում են որակյալ կատարողների հետ համագործակցության հարցեր, ինչն էլ իր հերթին ժամանակի սղության խնդրի առաջ է կանգնեցնում։

Ելնելով դրանից՝ անհնար էր նախապես պլանավորել գնումը»,- քաղաքապետարանն այսպես է հիմնավորել առանց մրցույթի ծառայությունների գնման գործընթացը:

Գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ գրված է, որ «Թբիլիսոբա» տոնին նախատեսվում են տարբեր ժանրերի համերգներ, էլեկտրոնային կենդանի շոուներ, թատերական ներկայացումներ և այլն: Բացի այդ, կկազմակերպվեն մանկական ժամանցային միջոցառումներ, ձեռնարկատիրական և սննդի տարածքներ, գաստրոնոմիական գոտիներ, քաղցրավենիքի փառատոն, «Թբիլիսյան բազմազանություն» և «Համով Թբիլիսի» ցուցահանդես-վաճառք։ Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա հանդիսավոր համերգ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն և այլն: