Թեա Ծուլուկիանին չի բացառում իր հրաժարականը

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին չի բացառում հրաժարական տալ, եթե նախարարությունում ընթացող գործընթացների հետ կապված նրա պահանջները չբավարարվեն:

Ծուլուկիանին մանրամասնել է, որ հարցը կապված չէ խորհրդարանում ընթացող գործընթացների հետ, այլ վերաբերում է հենց գերատեսչությունում առկա կարևոր մի թեմայի, որի մասին չի ցանկացել խոսել:

«Իմ դիրքորոշումը հստակ է, այն չի վերաբերում է որևէ բարեփոխման, այն ավելի մասշտաբային հարց է, ինձ համար խիստ կարևոր է: Եթե կառավարությունը իմ դիրքորոշման հետ համակարծիք չլինի, ոչ մի վայրկյան չեմ մտածի և մի կողմ կքաշվեմ», — հայտարարել է Ծուլուկիանին:

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ծուլուկիանին հրաժարական է տվել: Նա նախարարությունը գլխավորում է 2012 թվականից, երբ խորհրդարանական ընտրությունների միջոցով «Վրացական երազանք»-ը հասավ իշխանափոխության։

Իշխող ուժում վերադասավորումները օրակարգ եկան այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին չկարողացավ հաղթանակ տանել նախագահական ընտրությունների առաջին փուլում։