Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թելավիի մունիցիպալիտետում 34-ամյա տղամարդ է ձերբակալվել հղի կնոջը ծեծելու և բռնաբարելու մեղադրանքով։
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Թելավիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում մեղադրյալը ֆիզիկական բռնության է ենթարկել և սպառնացել է սպանել իր կնոջը՝ 1991 թվականին ծնված Զ.Օ.-ին, նաև սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ բռնության և սպառնալիքների գործադրմամբ», — ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ մեղադրյալն ուներ դատվածություն և ներկայումս կրում է պայմանական ազատազրկում։ Ըստ լրատվամիջոցների` ենթադրաբար, զույգը բաժանված է, և նրանք ապրում են առանձին։
Ձերբակալվածի դեմ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնք ներառում են սպառնալիքներ, ծեծ և բռնաբարություն՝ գիտակցաբար ուղղված ընտանիքի հղի անդամի նկատմամբ։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև 13 տարի ազատազրկմամբ։