Թեժ աշնան վրացական մեկնարկը

Թեժ աշնան մասին քաղաքական ու հասարակական սպասումները եթե Հայաստանում դեռ միայն խոսակցություններ են, Վրաստանում օրըստօրե միս ու արյուն են ստանում։ Դրան նպաստում են թե՛ նախընտրական զարգացումները, թե՛, ցավոք, համաճարակաբանական իրավիճակի մտահոգիչ վատթարացումը։ Ու չնայած երկու այս ոլորտները առանձին նշեցինք, քիչ չեն այն տեսակետի կողմնակիցները, որ դրանք տարանջատված չեն և որ երկրորդը առաջինի հետևանքն է։

Համաճարակի բռնկումից ու Վրաստանում՝ փետրվարին գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքից հետո, երկրի իշխանությունը որդեգրեց վիրուսի տարածումը կանխարգելող ամենախիստ մեթոդաբանությունը․ ընդհանուր կառանտին սահմանվեց, պարետային ժամ մտցվեց, ու ամեն նոր ի հայտ եկող դեպքը մեկուսացվում, նրա կոնտակտները գտնվում էին չափազանց արագ ու արդյունավետ։ Վիրուսի դեմ պայքարի հաջող մարտավարության բաղադրիչ էր նաև ի սկզբանե մեծ թվով թեստերի, ինչպես նաև կրկնակի թեստավորումների առկայությունը։ Արդյունքում, Վրաստանում կորոնավիրուսի ցուցանիշները լավագույնն էին ոչ միայն տարածաշրջանում, այլև լավագույններից մեկը ողջ աշխարհամասում։ Սա, բնականաբար, մեծ քաղաքական միավորներ բերեց գործող իշխանությանը, որն, իրավամբ, հանդես էր գալիս ճգնաժամային կառավարման հմուտ գիտակի դիրքերից։

Առողջապահական այս հաջողությանը հետևեցին նաև սոցիալական մի շարք հաջող ծրագրեր, որոնք իշխանությունը տրամարդում էր և՛ տնտեսական իրավիճակի կայունացման, և՛ խոցելի խմբերի աջակցության համար։ Այս ծրագրերը, որոնք ներառում էին նաև կոմունալ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև մինչև 17 տարեկան երեխաների միանվագ դրամական աջակցություն, ընդդիմության կողմից որակվում էին որպես ոչ թիրախային ու անարդյունավետ, մյուս կողմից քննվում նախընտրական անուղղակի ընտրակաշառքի համատեքստում։ Իշխանության ձեռնարկած այս քայլերի ընդհանուր հասարակական ընկալումները, սակայն, դրական միտում ունեին՝ հաշվի առնելով ընդհանուր համաշխարհային առողջապահական ու տնտեսական ճգնաժամերի համատեսքտում գրանցած ոչ փոքր հաջողությունները։

Թվում էր՝ իշխանության համար անհնար է առավել լավ նախընտրական մթնոլորտ պատկերացնել․ վիրուսը սանձազերծված է, տնտեսության մեջ ներարկումներ են արված, ու ճգնաժամն իր ողջ թափով հետաձգված է, իշխանությունները արդյունավետ կառավարման օրինակելի առաջամարտիկների դերում են։

Քաղաքական զարգացումները, սակայն, վիրուսի տարածման պես արագ ու հաճախ անկանխատեսելի ընթացք են ստանում։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարեց, որ վարչապետի իր և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման թեկնածուն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու։ Ֆեյբուքյան իր էջում էլ Սաակաշվիլին իր սխալներն ընդունելու ու դրանք շտկելու համար երկու տարվա ժամանակ ու վստահության քվե խնդրող տեսանյութ հրապարակեց, որ բուռն արձագանք ստացավ և՛ իր կողմնակիցների, և՛ իշխանության թեև հեգնական, բայցև ջղաձիգ հրապարակումների շրջանում։ Իսկ ընդհանուր քաղաքական մթնոլորտի լարման պատճառն այն է, որ որքան էլ խոսվի Սաակաշվիլիի սխալների ու նրա թիմի՝ վստահության կորստի մասին, փաստ է, որ ինչպես Հայաստանում, Վրաստանում նույնպես պառլամենտարիզմի ու գաղափարական կուսակցությունների մշակույթը զարգացած չէ, և քաղաքական պրոցեսները անհատների շուրջ են ձևավորվում։

Այս հանգամանքը երկու դեպքում էլ խիստ կարևոր է դարձնում խարիզմատիկ առաջնորդի փաստը ու Սաակաշվիլին, այստեղ, իհարկե, ուժեղ մրցակից է։ Որքան էլ հեգնական անդրադարձներով ու նրան գալուն պես ձերբակալելու, ավելին, նրան հայրենիք վերադառնալու գործում «օգնելու մասին» հայտարարեն, աներկբա է, որ ընդդիմությունը Սաակաշվիլիի հետ ավելի վտանգավոր է իշխանությունների համար, քան առանց նրա։ Սաակաշվիլիի «թեժ» հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի ցուցակի առաջին քսանյակի հրապարակումը, որը նույնպես բուռն քննարկումների ու հաճախ քննադատությունների առիթ է դարձել։ Քննադատությունների առանցքային շեշտադրումը վերաբերում է այն հանգամանքին, որ ցուցակում մեծամասամբ ոչ գաղափարական, հաճախ ապաքաղաքական, հանրությանը քիչ հայտնի, հասարակական ակտիվությամբ աչքի չընկած մարդիկ են, ինչը հուշում է՝ ցուցակը կազմվել է կուսակցության առաջնորդին լոյալության սկզբունքով։ (Հայաստանի հետ զուգահեռներ չտանելը դժվար է։ Եվ, իհարկե, երկու դեպքում էլ նույն անհատակենտրոնության, միանձնյա կուսակցական առաջնորդության պտուղներն են):

Քաղաքական այս սրացման ֆոնին նաև կորոնավիրուսի թվերի կտրուկ աճը ամենատարբեր դավադրապաշտական տեսությունների պարարտ հող է դարձել։ Քաղաքական հումորի կարմիր թելն այսօր Վրաստանում Սաակաշվիլիի վերադարձի ու կորոնավիրուսի տարածման անմիջական փոխկապվածությունն է, իսկ առողջապահական-քաղաքական թեժ այս զարգացումների հնարավոր կուլմինացիան խորհրդարանական ընտրությունների հետաձգումն է համարվում։
Կանխատեսումների անշնորհակալ գայթակղության համար դեռ ժամանակ ունենք, իսկ մինչ այդ հույս հայտնենք, որ զարգացումները բոլոր ոլորտներում կլինեն ի շահ և ի բարօրություն Վրաստանի հասարակության ու քաղաքական դաշտի առողջության։

Աննա Գևորգյան