Նիդերլանդների դեսպանը հանդիպել է Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետերին

Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի մարզ: Դեսպանը հանդիպել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ դիվանագետին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, գյուղատնտեսական ծրագրերի զարգացման հեռանկարները, հետագա անելիքներն ու դրանց իրականացման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունները:

«Քննարկվել են նաև Վրաստանի և Նիդերլանդների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում աշխատող ֆերմերների հետ Նիդերլանդների գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված հաջողություններն ու ապագայում այդ ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները»,- հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Դեսպանն աջակցություն է հայտնել Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղատնտեսության ոլորտում ֆերմերներին և համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն հայտնել: Մակարյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան առավել ընդլայնել գործընկերային հարաբերությունները տարբեր ուղղություններով:

Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ ներկա են եղել քաղաքապետի տեղակալներ Ալեքսանդր Միքելաձեն և Արմեն Բդոյանը։

Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել մունիցիպալիտետի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա ռեսուրսների և ապագա անելիքների մասին։ Քննարկվել են նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի և Նիդեռլանդների դեսպանատան միջև հետագա համագործակցության հեռանկարները: