Իշխանությունը հանրահավաքին վարչական ռեսուրս կօգտագործի. կարծիքներ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հստակ գիտակցում է, որ ներկայիս մեթոդաբանությունը, որ իրենք ընտրել են «ռուսական օրենքի» քարոզչության համար, արդյունավետ չէ: Այդ պատճառով էլ կանեն հնարավորը, անգամ՝ կօգտագործեն վարչական ռեսուրս` ապրիլի 29-ին կայանալիք հանրահավաքով ցույց տալու, թե իրենց առաջարկած «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին «ավելի շատ են աջակցում», ասում են վրացի քաղաքագետները:

Ըստ նրանց՝ իշխող ուժը գիտակցում է՝ իրենց ընտրողներն արդեն հասկացել են, որ օրենքն իրականում ռուսական է, Կրեմլում գործող օրենքի պատճենն է, այդ պատճառով էլ փորձում են հանգստացնել իրենց կողմնակիցներին, ցույց տալ, թե նրանց աջակիցների թիվը «իսկապես մեծ է»: Այս ամենը նպատակաուղղված է սեփական ընտրողների «բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը»:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասում է՝ «Վրացական երազանքի» ընտրողներն իրականում առանձնապես դրական ցանկություններ չունեն «ռուսական օրենքի» հետ կապված, ուստի հարկ կլինի օգտագործել վարչական ռեսուրսը, ինչը, նախկինում բազմիցս օգտագործել են:

«Այն, որ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հանդես կգա հանրահավաքին, ընդգծում է այն, որ իշխող ուժի դիրքերը շատ ավելի թույլ են, քան իրականում է, և այս հանդիպման միջոցով փորձում են բարձրացնել սեփական բարոյականությունը»,- ասում է Մելաշվիլին:

Մելաշվիլին ընդգծում է՝ այս տեսակ հանրահավաքների ժամանակ, իշխող ուժը, ավանդաբար, շրջաններից է հավաքում աջակիցներին:

Քաղաքագետ Բակուր Կվաշիլավայի խոսքով, ապրիլի 29-ին նախատեսված հանրահավաքը փաստում է՝ իշխանությունը ընդունում է, որ ժողովրդի առաջ պարտվել է տեղեկատվական պատերազմում: Ըստ նրա, սակայն, իշխանության կողմից ժողովրդի մոբիլիզացիան օգտագործելը լի է տարատեսակ վտանգներով:

«Նման գործողությունները երբեք դրական արդյունք չեն տվել, և դա հիմնականում վկայում է այն մասին, որ «Վրացական երազանքը» հենվում է վստահության վերջին նշույլների վրա. օգտագործում է այն բոլոր ռեսուրսները, որոնք, այսպես ասած, իր տրամադրության տակ են։ Բայց այն մարդիկ, ովքեր կմոբիլիզացվեն ապրիլի 29-ին, վստահ եմ, որ նրանց մեծամասնությունը ևս եվրոպական ուղին ոչնչի հետ չի փոխի»:

Ուշագրավ է այն փաստը, որ «Վրացական երազանք» կուսակցության հանձնարարությամբ 59 քաղաքապետարանների, սակրեբուլոների (քաղաքային խորհուրդ), պետական ոչ առևտրային կազմակերպությունների 320 աշխատակիցներ համակարգված կերպով տարածում են «ռուսական օրենքը» սատարող գրառումները։

Նշենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաջակցություն «գործակալների օրենքի» պատրաստվում է Թբիլիսիում հանրահավաք անցկացնել։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը՝ նշելով, որ դա «համախոհների խնդրանքն է»։

Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։

Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։