Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Վրաստանում է

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Թբիլիսիում է: Այս մասին լրագրողը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Առևանգումից հետո լրագրողն առաջին անգամ է ժամանել Վրաստան: 

Հիշեցնենք՝ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող ադրբեջանցի լրագրողը 2014 թվականից ապրում էր Թբիլիսիում: 2017-ի մայիսի 29-ին նա անհետացել էր Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկից: Հաջորդ օրը փաստաբանն ասել է, որ Մուխթարլիին բռնի ուժով տեղափոխել են Ադրբեջան, ուր նրան մեղադրանք էր առաջադրվել պետական սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության ու ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ:

2018-ի հունվարի 12-ին նա Ադրբեջանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: 2020 թվականի մարտին լրագրողը ազատ արձակվեց և տեղափոխվեց Գերմանիա:

Լրագրողի անհետացման գործը մեծ արձագանք ստացավ վրաց հասարակության շրջանում:  Լրագրողի ընտանիքը վստահեցնում է, որ առևանգման հետ առնչություն ունեն Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Վրաստանյան հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների նեկայացուցիչները երկրի տարբեր քաղաքներում բազմիցս աջակցության ակցիաներ են անցկացրել: