Չանախչի գյուղում 180 մետր խորությամբ ջրհոր կկառուցվի

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում՝ վրաց-հայկական սահմանին գտնվող Չանախչի գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ անցկացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել:

Չանախչի գյուղի բնակչուհի Աննա Վերմիշյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասաց, որ խմելու ջրի խնդիրը գյուղի գլխավոր և առաջնային հարցերից է:

«Բնականաբար, կցանկանամ, որ առաջնայինը խմելու ջրի հարցը լուծվի, և վստահ եմ, որ ինձ հետ կհամաձանեն նաև գյուղի մյուս բնակիչները», — նշեց Վերմիշյանը:

Հատկանշական է, որ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցներում Չանախչի գյուղի բնակիչները և հատկապես տարեցները նույնպես գյուղի առաջնային խնդիներից են համարել խմելու ջրի բացակայութունը:

«Խմելու ջրի աղբյուրը ահագին հեռու է գյուղից. մեզ համար դժվար է այս տարիքում հասնել այնտեղ և ջուր բերել»,- նշել են տարեց բնակիչները:

Մրցութային փաստաթղթի համաձայն՝ Չանախչի գյուղում նախատեսվում է 180 մետր խորությամբ խմելու ջրի ջրհոր կառուցել, ջուրը հասցնել ջրահավաք ավազան, ինչպես նաև գյուղում խմելու ջրի ներքին ցանց անցկացնել։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է Չանախչիում խմելու ջրի համակարգի անցկացման համար ծախսել 887 հազար 661 լարի, աշխատանքների մրցույթը հայտարարվել է հունվարի 6-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտ ներկայացնել հունվարի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։

Ի դեպ, հաղթող ընկերությունը պետք է աշխատանքն ավարտի պայմանագիրը կնքելուց  210 օրացուցային օրվա ընթացքում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի դեկտեմբերին՝ «Ալիք Մեդիա»–ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը հայտարարել էր, որ Չանախչի գյուղի խմելու ջրի համար կա համապատասխան ծրագիր: