Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության խորհրդի 12-րդ նիստի մասին ամփոփ

Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթի ժամանակ նշել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բավականին դրական դինամիկա կա։ Նրա խոսքով, անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է 70 տոկոսով եւ գերազանցել մեկ միլիարդ դոլարը, հետեւաբար` Հայաստանը դարձել է Վրաստանի 6-րդ առեւտրային գործընկերը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Երևանում և իմ գործընկերոջ ու ընկերոջ հետ համանախագահել Տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը։ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի ամրապնդման համար։

Մենք ունենք դարավոր բարիդրացիական ու եղբայրական կապեր, և վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս մեկ առաջմղիչ քայլ կլինի տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման և մեր երկրների առաջընթացի առումով։ Այս ամենին կարելի է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում», — ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին հավելել է, որ երկու երկրների միջև դրական աճի դինամիկա կա բոլոր ուղղություններով, լինի զբոսաշրջություն, նավագնացություն, բեռնաշրջանառություն, թե այլ ոլորտ։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ու ժողովուրդը շահագրգռված են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմամբ։ Կառավարության ղեկավարը խոսել է խաղաղ հարեւանության հարթակի նախաձեռնության մասին․

«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք ունենք խաղաղ հարևանության հարթակ ստեղծելու նախաձեռնություն, և, իհարկե, այստեղ ուզում եմ նշել, որ այս ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների։ Ընդհակառակը, կարծում եմ, դա էլ ավելի կամրապնդի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները։

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ առանց խաղաղության և կայունության անհնար է հասնել ամուր, երկարաժամկետ տնտեսական աճի ու բարգավաճման։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովների անդամներին, ևս մեկ անգամ սրտանց ողջունել բոլորիդ, շնորհավորել Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություններ։ Մեր բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում, շատ շնորհակալ եմ», — ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում ընդգծել է, որ նստաշրջանի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր իմաստ կհաղորդեն հայ-վրացական հարաբերություններին։

Նրա խոսքով, հանդիպմանը կողմերը կքննարկեն համագործակցությունը տարբեր ոլորտներում, դրանց թվում՝ տրանսպորտի, կապի, տեխնոլոգիայի, առողջապահության, գյուղատնտեսության։

«Ուրախ եմ ողջունել իմ գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա պատվիրակությանը Երևանում՝ Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության խորհրդի 12-րդ նիստի շրջանակներում։ Երկու երկրների հարաբերությունների կարևորության մասին է վկայում այն ​​փաստը, որ այսօրվա հանդիպումը վարում են վարչապետները։ Երկարատև դադարից հետո, 2019 թվականից ի վեր կայացել է միջկառավարական երեք հանդիպում, որոնք էլ ավելի են խորացրել մեր հարաբերությունները։ Երկու կողմերն էլ կատարել են իրենց առաջ քաշած բոլոր պայմանները։ Այսօրվա օրակարգը շատ լայն է և ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, տեխնոլոգիա, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլ ոլորտներ։ Համոզված եմ, որ նստաշրջանի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր բովանդակություն կհաղորդեն հայ-վրացական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ անվտանգության, տարածաշրջանային հարցերում կա փոխըմբռնում, ինչը պայմանավորված է երկու երկրների միջև հաստատված լավ հարաբերություններով։

«Թույլ տվեք հաջողություն մաղթել բոլոր պայմանավորվածությունների իրականացման գործում, և վստահ եմ, որ մենք մեր հարաբերությունները կհասցնենք ավելի բարձր մակարդակի, կխորացնենք դրանք, ինչի համար ամենօրյա հոգածություն է անհրաժեշտ», — նշել է Փաշինյանը։

 

։