Աղքյորփին ու Չանախչին կունենան գազ, դպրոց և ճանապարհ. Արսեն Հախվերդյան

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով բնակեցված Աղքյորփի և Չանախչի գյուղի ճանապարհները ասֆալտապատելուց հետո՝ գյուղերը կգազաֆիկացվեն, «Ալիք Մեդիա»–ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Հախվերդյանը նշել է, որ նշված գյուղերում առկա խնդիրների հիմնական պատճառը ճանապարհի բացակայությունն է, որն էլ, ըստ սակրեբուլոյի պատգամավորի՝ արդեն լուծվում է:  Ըստ Հախվերդյանի՝ մինչև 2024 թվականի ավարտը Աղքյորփին, Չանախչին և մյուս գյուղերը, որտեղ գազաֆիկացում չկա՝ կգազաֆիկացվեն:

Հախվերդյանի խոսքով, այսօր Աղքյորփիում և Չանախչիում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք, բնականաբար, քիչ-քիչ լուծվում են: Ըստ նրա՝ այդ գյուղերում մանկապարտեզ ևս կկառուցվի, բայց առավել առաջնային է դպրոցի խնդիրը:

«Չանախչիի դպրոցի շինարարությունը շարունակելու 2-րդ մրցույթն արդեն հաղթել են. պետությունը նորից 1 մլն լարի ներդրում է կատարել: Ես անձամբ ներկա եմ եղել շինարարական աշխատանքներին, շինարարական բրիգադը ջրի խնդիր ուներ, որը նույնպես արդեն լուծվել է»,- ասել է Հախվերդյանը:

Նաև հավելել է՝ Չանախչի գյուղում խմելու ջրի խնդիրն էլ է լուծվելու. արդեն կա համապատասխան հաստատված ծրագիր, ըստ որի՝ Չանախչիի յուրաքանչյուր բնակիչ իր տանը խմելու ջուր կունենա: Ծրագրի արժեքը մոտ 900 հազար լարի է:

Հախվերդյանի վստահեցմամբ՝ արդեն 2023 թվականի գարնանից կսկսվի Աղքյորփիի նոր դպրոցի շինարարարությունը:

«Շինարարների հետ խոսել ենք: Նրանք մեզ վստահեցրել են, որ 365 օրվա ընթացքում դպրոցի շինաշխատանքն ամբողջովին ավարտած կհանձնեն»,- ասել է Հախվերդյանը:

Հախվերդյանն այս գյուղերում աշխատատեղերի բացակայության խնդիրը կրկին կապում է ճանապարհի անսարքության հետ։

«Յուրաքանչյուր ներդրողի, աշխատատեղ ստեղծողի առաջին հերթին ճանապարհ է անհրաժեշտ… Ճանապարհների վերակառուցումից հետո, անկասկած, աշխատատեղեր էլ կլինեն»,– վստահեցնում է «Ալիք Մեդիա»–ի հյուրը:

Ծոփ գյուղը ժամանցի սրահ կունենա. Արսեն Հախվերդյան

Շահումյան գյուղում մարզական համալիր կկառուցվի. Արսեն Հախվերդյան

Գյուլիբաղ և Խոժոռնի գյուղերը կգազաֆիկացվեն. Արսեն Հախվերդյան