Չանախչիի դպրոցի շինարարությունն ավարտելու համար նոր մրցույթ է հայտարարվել

Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցի շինարարական աշխատանքները շարունակելու համար 1 միլիոն 58 հազար 545 լարիի մրցույթ է հայտարարել։ Այս մասին փոխանցում է marneulifm.ge-ն։

Նոր մրցույթ հայտարարելու անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ առաջին ընկերությունը չկատարեց պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով պայմանագիրը խզվել է։ Շինարարության մեկնարկից մոտ երկու տարի անց իրականացվել են երկաթբետոնե շինարարական աշխատանքներ, կառուցվել են տանիքի և արտաքին պատերի մետաղական կոնստրուկցիաներ։

Նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին հարդարման, դռների, պատուհանների և հատակների տեղադրում, ներքին և արտաքին ջրամատակարարման և կոյուղու, ջեռուցման և օդափոխության, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Չանախչիի 60 աշակերտի համար նախատեսված հանրային դպրոցի կառուցման նոր մրցույթ է հայտարարվել 2022 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ցանկացողները կկարողանան մրցույթին մասնակցել հոկտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 10 օրացուցային ամսվա ընթացքում։ Մինչ աշխատանքի ավարտը ուսուցիչներն ու աշակերտները ուսումը կշարունակեն վագոններում։