Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Վրաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների օրակարգում

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին, հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից:

ԱԳՆ տվյալներով, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունները։

«Վրացական կողմը ողջունել է Հունաստանի հզոր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։

Խոսելով երկկողմ համագործակցության օրակարգի մասին՝ ուշադրություն է դարձվել այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, մշակույթը, զբոսաշրջությունը և մարդկանց միջև կապերը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի և Հունաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և կարևորել ամենաբարձր մակարդակով սերտ շփումների ակտիվացումը։

Նախարարները տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանում անվտանգության միջավայրի վերաբերյալ։ Դարչիաշվիլին իր հույն գործընկերոջը պաշտոնական այցի է հրավիրել Վրաստան և շնորհակալություն հայտնել Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։