Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 6

Արդեն իսկ հայտնի է, որ նոյեմբերից Վրաստանը կդառնա միասնական եվրովճարային տարածքի (Single Euro Payments Area-SEPA) անդամ։

2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի 45 հազար 349 քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն արդեն 86 տոկոսով ավարտված է։

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտում ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում սակագների բարձրացում չի սպասվում:

Վրաստանում, Իմերեթի շրջանի Խարագաուլիի մունիցիպալիտետում  ֆիզիկական բռնության են ենթարկել Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիին։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Թեմուր Ջանաշիան ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այլևս «մարդ չէ», քանի որ ունի 38 աստիճան ջերմություն, արյան զարկերակային ճնշումը 170 է, չի կարողանում սնունդ ու դեղորայք ընդունել և պառկած է անկողնում:

ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Էնդրյու Ուեբերի կարծիքով, չնայած այն բանին, որ Վրաստանի տարածքի մի մասը օկուպացրել է Ռուսաստանը, այդուհանդերձ, այս դժվարին ժամանակաշրջանում (ռուս-ուկրաինական պատերազմը նկատի ունի– խմբ.) Վրաստանն ամենաուժեղ ռազմավարական դիրքում է:

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ:

«Արժանապատիվ աշխատանքի օրակարգ. կարիքների գնահատում և ուղեցույց» զեկույցի համաձայն, Վրաստանում աշխատաժամանակի կարգավորման առումով զգալի բացեր և աշխատանքային միջազգային նորմերին անհամապատասխանություններ կան։

2012 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 2-ը Վրաստանում փոխնակ մայրության միջոցով ծնվել է 4 026 երեխա:

Վրաստանի հանրակրթական դպրոցներում ներկա պահին աշխատում է չատեստավորված (կարգավիճակ չունեցող) 6 311 ուսուցիչ։

Սան Մարինոյում Քաղաքաշինության, բնակավայրերի և հողերի տնօրինման կոմիտեի 83-րդ նիստի իր ելույթում Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան ասել է, որ Խորհրդային ժամանակաշրջանի բնակելի շենքերը մնում են Թբիլիսիի գլխավոր խնդիրներից մեկը:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի խոսքով, չի բացառվում, որ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրում փոփոխություններ կատարվեն։