Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում հայաբնակ Չանախչիում

Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Չանախչի գյուղի բնակիչ Մարատ Մաթևոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծում է գյուղ տանող և գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհների, խմելու ջրի, բնական գազի բացակայության խնդիրները:

«Գյուղի փողոցները լուսավորված են, ճիշտ է` կան փողոցներ, որոնք դեռևս չեն լուսավորվել, բայդ դրանք ևս շուտով կլուսավորվեն»,- ասում է Մաթևոսյանը՝ հավելելով, որ գյուղին մոտ են ապրում, նաև փայտ գնելու համար անդորրագրեր են տրամադրում, բայց անտառից փայտ տանելը ևս խնդիր է:

Չանախչիի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը կարծում է, որ գյուղի բնակիչների համար հատկապես առաջնային է խմելու ջրի խնդիրը, որն արդեն լուծման փուլում է: «Առանց ջրի գյուղացու կյանքն ավելի է դժվարանում»,– ասում է Մանուկյանը:

Գյուղի մեկ այլ բնակչի` Վալերիկ Խուդինյանի խոսքով, կարևոր է նաև գյուղ հասնող ճանապարհի բացակայության խնդիրը, ինչը գյուղացիների համար մի շարք բարդություններ ու անհարմարություններ է ստեղծում:

«Գազի բացակայությունն էլ կարևոր խնդիրներից մեկն է գյուղի համար. փայտ ենք վառում, որն էլ զանազան անհարմարություններ է առաջացնում: Բնականաբար, եթե գազ լինի, մի շարք խնդիրներ կլուծվեն»,- ասում է Խուդինյանը:

Թոշակառու բնակչուհիները միաձայն փաստում են, որ գյուղի խնդիրը  երկար տարիներ եղել է խմելու ջրի բացակայությունը. «Խմելու ջրի աղբյուրը բավականին հեռու է գյուղից. մեզ համար դժվար է այս տարիքում հասնել այնտեղ և ջուր բերել»:

Ըստ Լյովա Գաբոյանի, Սեյրան Միսկարյանի ու Էդիկ Գևորգյանի, գյուղում կա երկու հիմնական խնդիր՝ ջրի ու ասֆալտապատ ճանապարհների բացակայությունը:

Գյուղի բնակչուհի, դպրոցի ուսուցչուհի Անժելիկա Միսկարյանը հավելում է, որ, վերոնշյալ խնդիրներից բացի, կարևոր է նաև մանկապարտեզի բացակայությունը.

«Իմ և գյուղի շատ մայրիկների համար առաջնային է նաև մանկապարտեզի բացակայությունը: Որպես ուսուցիչ կարող եմ ասել, որ խնդիր է նաև երեխաների անպատրաստ դպրոց գալը, ինչը մանկապարտեզի բացակայության հետ է կապված»,- ասում է Միսկարյանը:

Միսկարյանն առանձնացնում է նաև այն փաստը, որ գյուղում տները սեփականաշնորհված չեն: Ըստ նրա` պատճառը, թերևս, այն է, որ գյուղը սահմանային է:

Բնակչուհի Անիկ Կոնյանն ընդգծում է, որ խնդիր է նաև գյուղում ուրախ կամ տխուր հանդիսությունների սրահի բացակայությունը.

«Այսպիսի առիթների ժամանակ այստեղից-այնտեղից են սպասքեղեն, սեղաններ և աթոռներ բերում. սրահ է պետք այս ամենից խուսափելու համար»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Կոնյանը:

Երիտասարդ բնակչուհիներից Աննա Վերմիշյանն էլ դժգոհում է գյուղում հասարակական տրանսպորտի բացակայութունից.

«Տրանսպորտն օրումեջ է աշխատում, իսկ գյուղից դուրս աշխատողների, սովորողների համար` այս համատարած թանկացումների ֆոնին, հասարակական տրանսպորտի բացակայությունը մեծ խնդիր է», – կարծում է Աննան:

Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում հայերով բնակեցված Աղքյորփիում

Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնիում