Աշխալա գյուղն ու իր հայտնի «Հազմար» ծակքարը

Եթե երբևէ այցելեք Աշխալա, ապա անպայման պետք է տեսնեք «Հազմար» կոչվող այն ապառաժ քարը, որն ունի մոտ 30 սանտիմետր տրամագծով անցք։ Դարերի ընթացքում պահպանված և բուժիչ հատկություն ունեցող Ծակքարը, որը գտնվում է Մուղնու սարի ստորոտում՝  շատ ու շատ այցելուների է գրավում իր յուրահատկությամբ։ Զարմանալի է, թե ինչ կարող է անել այդ ապառաժ քարը, սակայն, ինչպես տեղացիներն են պատմում, դեռևս իրենց նախնիները երեխաներին այդ քարի միջով անցկացնում էին հազը բուժելու կամ հազից հեռու պահելու համար։

Ասում են, եթե քարի միջով երեք անգամ անցնես, ապա կազատվես հազից։ Եվ` այո’, այդպիսի շատ ու շատ դեպքեր են գրանցվել, և բնակչությունը հավատում է այդ քարի բուժիչ հատկությանը։ 1830-ական թվականներին Աշխալայի բնակչությունը գաղթել է Էրզրումից` իր հետ բերելով այդ ապառաժ քարը և տեղադրելով նույն դիրքով, ինչպես եղել է Էրզրումում։

Գյուղի պաշտամունքային կառույցներից պետք է առանձնացնել Դալ-Ղռանը, Սուրբ Մինաց եկեղեցին, Աղա Մուղնին և հանրահայտ Լույսաղբյուրը՝ «Վարթանլու»–ն. այս հետաքրքիր տեղանունները նույնպես Էրզրումից են հիշատակվում։

Թրիալեթյան լեռների հարավային մասում է գտնվում  Աշխալան, Ծալկայից հյուսիս-արևելք, շրջանում հիմնադրված ամենաառաջին հայաբնակ գյուղն է։ 1830 թվականին Էրզրումից գաղթած հայերն են հիմնադրել, որն սկզբում բաժանված է եղել երկու մասի ՝ «Վերին Աշխալա» և «Վարի Աշխալա»։ «Վերին Աշխալան» կամ, ինչպես տեղացիներն են անվանել` «Սարին գեղը» կամ «Սիրոյին գեղը» անվանակոչվել է  ի պատիվ նրա հիմնադիր Բալյան Սիրականի։ Գյուղի առաջին բնակիչներն են եղել Բալյան Սիրականն ու Սաֆարյան Գալուստը։

«Երբ Էրզրումից գաղթել են մեր գյուղացիները, նրանցից մի քանի ընտանիք տեղափոխվել է ներկայիս Խաչգյուղ, իսկ երբ սաստիկ ջրհեղեղ է եղել, գյուղացիների մոտ 20 %-ը գյուղի վերևի մասում է բնակություն հաստատել, այդպես էլ ստեղծվել է «Վերին Աշխալան»։

Ժամանակին գյուղն ունեցել է նաև տարրական դպրոց։ Ցավոք, այսօրվա դրությամբ գյուղից միայն մասունքներ են մնացել, քանի որ գյուղացիները տեղափոխվել են Հայաստանի տարբեր գյուղեր՝ Դեղձավան, Հաղթանակ, և այնտեղ էլ ապրում են», — պատմում է 46 տարվա մանկավարժ Զորիկ (Մաքսիմ) Աթոյանը:

Լեռների մեջ է ծվարած Աշխալան՝ հարուստ  իր բնությամբ, բերքատու սևահողով, արոտավայրերով ․ 

Բնակչությունն զբաղվում է գյուղատնտեսությամբ, քանի որ  աշխատատեղեր չկան, միակը դպրոցն է։ Աշխալայի երիտասարդ խմբի ներկայացուցիչները պատմում են գյուղի կենսակերպի և մարդկանց հետաքրքրությունների մասին․

«Շատ ցավալի է, որ մեր գյուղում դեռևս չկան այն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի մեր գյուղացիները կարողանան ինչ-որ հետաքրքիր և արդյունավետ գործով զբաղվել։ Գյուղում կան շատ տաղանդավոր երիտասարդներ՝ պարի, երգի, նկարչության ասպարեզում, բայց ոչ համապատասխան պայմանների պատճառով չեն կարողանում զարգացնել իրենց կարողությունները։ Շատ կցանկանանք, որ մեր գյուղում էլ ստեղծվեն երիտասարդների համար հավաքատեղիներ, այդ թվում նաև մարզասրահ, ակումբ և այլն։

Փոքր երեխաներն էլ մանկապարտեզ են հաճախում կողքի գյուղ, որը նույնպես խնդիր չի լուծում, քանի որ մանկապարտեզն ստեղծվել է մեր երկու գյուղերի համար, բայց մեզնից շատ հեռու է գտնվում, դրա պատճառով պետք է գոնե ավտոբուս տրամադրվի երեխաների տեղափոխման համար», — ասում է  ԹՊՀ-ի 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Բալյանը:

ԹՊԲՀ-ի 2-րդ կուրսի ուսանողուհի Իննա Կուբոյանն էլ պատմում է.

«Տարիների ընթացքում ավելացել է ուսանողների թիվը, ինչը շատ գովելի է, սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն բարձրագույն  կրթություն ստանալու, այդ իսկ պատճառով մեր երիտասարդների մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ մի մասն էլ արտերկիր է մեկնում աշխատելու և բարեկեցիկ կյանք ստեղծելու նպատակով։ Ինձ համար շատ գովելի է , որ մեր երիտասարդները իրենց հետագա կյանքը ավելի մեծ նպատակների հետ են կապում և ձգտում են ունենալ պայծառ ապագա։ Ըստ իս, ուսումը շատ կարևոր է երիտասարդի կյանքում։ Ցավոք, գյուղում արգելքները շատ են, որոնց պատճառով էլ երգի, պարի շրջանում շատ տաղանդավոր երեխաներ  չեն կարողանում իրենց ունակություններն օգտագործել և առաջ շարժվել։ Այդ ամենը նրանց ավելի շատ զարգանալու հնարավորություն կտար։ Թե ունենայի մեծ հնարավորություն, գյուղում տարբեր խմբակներ կբացեի` լինի ինտելեկտուալ, թե` ֆիզիկական»։

Տարիների ընթացքում Աշխալան հայաթափվել է, սակայն այսօրվա դրությամբ կրկին  համարվում է շրջանի խոշորագույն գյուղը։ Այստեղ մոտ 300 ընտանիք է ապրում։ Գործում է հանրային դպրոց, որտեղ 96 աշակերտ է սովորում։

«Ցանկանում եմ, որ մեր գյուղը բարգավաճի, զարգանա, բնակչությունը ձգտի այստեղ ապրել, որպեսզի գյուղն է՛լ ավելի շենանա, թող մեր գյուղացիներն էլ առողջ լինեն,որ  կարողանան հայրենի գյուղի համար ամեն ինչ անել», — ասում է Զորիկ Աթոյանը․

Աշխալայի տարեց բնակիչ` 86-ամյա Մարգարիտա Կուբոյանը թախիծով ու վշտով է պատմում բնակչությանը տանջող հիմնախնդիրների մասին․

«Առաջին հերթին ճանապարհների անբարեկարգ վիճակն է, որը բոլորիս  է հուզում, երկրորդը՝ աշխատանք չկա, միայն անասնապահություն ու  հողագործություն, բայց արդեն այդ ամենից էլ օգուտ չենք ստանում, որովհետև միայն հողամասի մշակումն այնպիսի ծախսերի հետ է կապված, որ գյուղացին ինչքան էլ աշխատի, միևնույն է` ավելի շատ ծախսում է, քան վաստակում։  Ջրի բացակայության մասին էլ չխոսեմ. 86 տարի է այստեղ եմ ապրում, բայց Աշխալայում մինչ օրս ջուր չեմ տեսել», — ծիծաղելով ասում է Մարգարիտա տատիկը:

Աշխալան ունի բարերարներ, որոնց շնորհիվ վերջին ժամանակներում գյուղում շատ դրական փոփոխություններ են գրանցվել։

Օրինակ՝ Ռուսլան Ֆիդոյանը վերանորոգել է գյուղի հայտնի Դալ-Ղրանը, իսկ Ժիրայր Աբաջյանը` դպրոցի հարակից եկեղեցին և այլն։

Չնայած գյուղում առկա որոշ հիմնախնդիրների, թե’ տարեցները, թե’ երիտասարդները հիացմունքով են խոսում հայրենի Աշխալայի մասին և աշխատում են անհնարինը դարձնել  հնարավոր գյուղի պայծառ ապագայի համար,  քանի որ յուրաքանչյուր մարդու համար իր բնակավայրը լավագույնն է բոլոր առումներով։

Հեղինակ՝ Անի Հարությունյան