Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցի օրը, Ախալքալաքում ևս հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
Ախալքալաքի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը ծաղիկներ են խոնարհել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։

Հիշեցնենք՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնական տեղեկություններով, Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:

Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնողների թվում առաջիններից էր նաև հարևան Վրաստանը։