Թուրքիայում ռեկորդային գնաճի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա

Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․

«Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Ներմուծվող ապրանքների մեծ մասն ամեն ամիս ներկրվում է Թուրքիայից։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ այս երկրից գնաճը Վրաստան տեղափոխվելու ռիսկը մեծ է։ Բոլոր ներկրվող ապրանքները, որոնք թանկանում են Թուրքիայում, թանկանում են նաև Վրաստանում» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է տնտեսագետ Ակակի Ցոմաիան։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) համաձայն՝ 2022 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանը Թուրքիայից գնել է 1 միլիարդ լարիի ապրանք։

  • Թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ 53,2 մլն դոլար,
  • Դեղամիջոցներ՝ 32,9 մլն դոլար,
  • Այլ պատրաստի ապրանքներ, ներառյալ հագուստ ու կտորներ՝ 24,8 մլն դոլար,
  • Խողովակներ և շինպարագաներ՝ 21,3 մլն դոլար։

«Վրաստանում վերջին ամիսներին գնաճի մակարդակը աճել է 12 տոկոսով։ Հավանաբար սա կապված է նաև Թուրքիայում գնաճի հետ։ Որոշ չափով բարձրացել են նաև դեղամիջոցների գները։ Սակայն Վրաստանի դեղատներում բարեբախտաբար դեռևս դեղամիջոցների գնաճ չի նկատվել», — նշում է Ցոմաիան։

Վերջինս նաև հավելում է, որ թուրքական լիրայի նկատմամբ վրացական լարին ամրապնդվել է, և լիրայի անկումը ևս գնաճը խթանող հանգամանքներից մեկն է։

Հատկանշական է, որ բացի ներմուծումից, Թուրքիան Վրաստանի համար հիմնական արտահանող շաուկաներից է։

2022 թվականի հունվար-հունիսին Թուրքիան արտահանող երկրների ցանկում 4-րդ տեղում էր։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ առաջին վեց ամիսների դրությամբ Թուրքիային բաժին է ընկնում Վրաստանի արտահանման 9,9 տոկոսը (254,1 մլն դոլար)։

«Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ապագայում կմնա Վրաստանի ներմուծման հիմնական շուկաներից։ Հետևաբար, այս երկրի գնաճային միջավայրը մշտապես կազդի Վրաստանում գների մակարդակի փոփոխության վրա», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է տնտեսագետ Էմզար Ջգերանաիան։

Վերջինս այսուհանդերձ ընդգծում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին կանխատեսումներ անելը հեշտ չէ։

«Դժվար է ասել նաև, թե հարևան երկիրը տարեվերջին ինչպես կվարի իր դրամավարկային քաղաքականությունը։ Առկա տվյալների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Թուրքիայում 60,5 տոկոս գնաճ է ակնկալում։ Կտրուկ թանկացումների դեպքում Վրաստանի կառավարությունը հավանաբար կսկսի նոր շուկաներ փնտրել՝ Վրաստանում առկա գնաճը ավելի չբարձրացնելու համար», — հավելում է Ջգերանաիան։

Հիշեցնենք, որ թուրքական դեղամիջոցների թանկացման վերաբերյալ հարցին ի պատասխան Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել էր, որ Թուրքիայից ներկրվող դեղերը չեն թանկանա։

Նշենք, նաև, որ ինչ վերաբերում է Վրաստանում գնաճի տեմպերին, ապա Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ տարեկան գնաճը կնվազի ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2023 թվականից գնաճի նվազումը կարագանա։

Գվենետաձեն նշել էր, որ ընթացիկ կանխատեսումներով՝ տարեվերջին պետք է լինի տարեկան մոտ 9 տոկոս գնաճ. միջինը, հավանաբար, 10 տոկոս։