Թուրքիայից ներկրվող դեղերը չեն թանկանա

Թուրքիայից ներկրվող դեղերը չեն թանկանա, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

«Թուրքիայում պարբերաբար գների ճշգրտումներ են տեղի ունենում, և դա չպետք է անհանգստության պատճառ լինի: Ճիշտ նույնը տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարին, բայց դա չազդեց Թուրքիայից Վրաստան ներկրվող դեղերի գների վրա», — հանրային հեռուստաընկերության եթերում հավաստիացրել է Ազարաշվիլին։

Վրացական դեղագործական շուկան Թուրքիայի համար բացվել է տարեսկզբին։ Նախարարի խոսքով, հունվարից Վրաստանի քաղաքացիները դեղերի վրա խնայել են ավելի քան 50 միլիոն դոլար, ուստի նրանց ծախսերը զգալիորեն կրճատվել են։

Առողջապահության ոլորտի ղեկավարը ապատեղեկատվություն է համարել լուրերը, թե Վրաստանն այլևս դեղեր չի ներկրելու Թուրքիայից։

«Մեծ աղմուկ է բարձրացել, թե թուրքական շուկայի բացման նախագիծը փլուզման եզրին է, տրված խոստումները կեղծ էին: Նման դիրքորոշումը թշնամանք է երկրի նկատմամբ»,- ասել է Ազարաշվիլին։