«Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում». գիտաժողով ՀՊՄՀ-ում

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Տեղեկությունը տարածում է ՀՊՄՀ-ն: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը։

Ըստ տեղեկության՝ գիտաժողովի թեմատիկ հիմնական ուղղություններն են․

  • Ներսիսյան դպրոցի պատմության դրվագներ,
  • Ներսիսյան դպրոցի հայտնի շրջանավարտներ,
  • Ներսիսյան դպրոցի դերը հայության կրթական կյանքում,
  • Կրթամշակութային կյանքը Կովկասում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում,
  • Հայ-վրացական կրթամշակութային առնչությունները,
  • Ռուսաստանի կրթամշակութային քաղաքականության առանձնահատկությունները տարածաշրջանում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գիտաժողովին ներկայացված նյութերը պետք է նախկինում հրապարակված չլինեն։ Զեկուցումների համար նախատեսվում է մինչև 20 րոպե:

«Զեկուցված նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը հայտ (հայտի ձևը կցվում է) ներկայացնել գիտաժողովի կազմկոմիտե՝ հետևյալ հասցեով` nersisyanconf2024@gmail.com:

Հայտատուները մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը կտեղեկացվեն գիտաժողովին իրենց մասնակցության մասին: Գիտաժողովին մասնակցելու վերջնական հրավեր ստացած հայտատուները պետք է մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը կազմկոմիտեին ուղարկեն իրենց զեկույցները՝ նախապես տրված ձևաչափին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ: