Ղարիբաշվիլին հաստատեց՝ ամեն ինչ կանեն ԵՄ թեկնածություն չստանալու համար. ՄԱՇ նախագահ

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին՝ արձագանքելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին, ասել է, որ Վրաստանը և երկրի ապագան պատկանում են այն մարդկանց, ովքեր անշեղորեն վճռել են շարժվել դեպի Եվրոպա։

Ըստ նրա՝ «ո՛չ խամաճիկ Ղարիբաշվիլին, ո՛չ խորհրդարանում Բիձինայի խաղալիքները, ո՛չ Եվտուշենկով-Պուտինի քաղաքական սիրեկան Բիձինա Իվանիշվիլին չեն կարող կանգնեցնել այդ ընթացքը»:

Խաբեիշվիլին նշել է, որ Վրաստանի համար դժվար կլինի ԵՄ կարգավիճակ ստանալ առանց պայքարի։

«Հանրությունը պետք է լավ իմանա, որ երեկ իշխանական լրատվամիջոցներով տղամարդ ձևացող այդ խամաճիկը Բիձինա Իվանիշվիլիի անձնական խաղալիքն է, իսկ այս «բիզնեսի» հետևում ակնհայտորեն կանգնած է ռուս օլիգարխը։ Պետք է նաև լավ գիտակցենք, որ քանի դեռ երկիրը կառավարում է Եվտուշենկով-Պուտինի քաղաքական սիրեկան Բիձինա Իվանիշվիլին, այս երկրի համար շատ դժվար կլինի ԵՄ կարգավիճակ ստանալ»,- ասել է Խաբեիշվիլին։

Նրա խոսքով, իրենք սկսում են խորհրդակցությունները քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և արևմտյան գործընկերների հետ։

«Մենք պետք է գիտակցենք մի բան՝ ճակատամարտը չի ավարտվել, դեռ նոր է սկսվում, և երեկ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ հաստատեց, որ եվրոպական ճանապարհին` Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին, այդ մարդիկ անպայման կանեն ամեն ինչ, որպեսզի մենք չստանանք ԵՄ թեկնածուի կարգավիճակ…»,- ասել է Խաբեիշվիլին։