Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ ռեժիմի հրաման է ստորագրել՝ նահանգների տեղեկատվական ու կապի ենթակառուցվածքները օտարերկրյա վտանգներից պաշտպանելու նպատակով: 

Հաղորդագրությունն այս մասին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հրամանը ԱՄՆ-ի առևտրի նախարարին լիազորություններ է տալիս՝ այլ դաշնային գերատեսչությունների (այդ թվում նաև Պետդեպարտամենտի, Ֆիննախի, Պենտագոնի, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի) հետ խորհրդակցություններից հետո արգելել որոշ կոմերցիոն գործարքներ, որոնք կապված են ինֆորմացիոն և կապի տեխնոլոգիաների կամ ծառայությունների հետ, այն դեպքում, երբ ի հայտ կգա ռիսկ կամ վտանգ՝ ամերիկյան ենթակառուցվածքների համար: Հրամանն արդեն ուժի մեջ է մտել:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասել է, որևէ կոնկրետ կազմակերպություն կամ երկիր նկատի չունեն, կարգը գործելու է բոլոր դեպքերում, երբ ԱՄՆ-ի համար ռիսկային գործարք լինի՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը չինական ընկերությունների մասին է, ինչպիսին օրինակ Huawei-ն է:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա օգոստոսին Թրամփը հրաման էր ստորագրել, որն արգելել էր ԱՄՆ- ի կառավարական գերատեսչություններին օգտագործել չինական Huawei և ZTE արտադրանքի սարքավորումներ: Huawei-ը սմարթֆոններ արտադրող չինական առաջատար ընկերություն է, 2017-ին կազմակերպության մաքուր եկամուտը կազմել է 47,5 միլիարդ չինական յուան (մոտ 7,5 մլրդ $):