Թուրքիայի նախագահը Վրաստան կայցելի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստան կգա, բայց կոնկրետ ժամկետները դեռևս անհայտ են:

Ըստ Վրաստանում Թուրքիայի դեսպանության` Էրդողանին Վրաստանում սպասում են անցյալ տարվանից, սակայն պանդեմիան խախտել է ծրագրերը: Այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի` 2018-ին Թուրքիա այցի ժամանակ: Որոշվել է Թուրքիայում բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել, որին մասնակցելու են Թուրքիայի և Վրաստանի նախարարներ, որին պետք է հաջորդեր Էրդողանի այցը:

Վրաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունեն 1992-ի մայիսից, համագործակցում են առևտրի, էկոնոմիկայի, ռեգիոնալ անվտանգության, կրթության ոլորտներում, իրար համարում են ռազմավարական գործընկերներ:

Թուրքիան Վրաստանի խոշոր առևտրային գործընկերն է. 2021-ի առաջին կիսամյակում արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 3,7 տոկոսով` կազմելով 419 մլն. դոլար. սա Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրի 15,1%-ն է: