Պոլսո հայ արքեպիսկոպոսը ներողություն է հայցել Էրդողանից

Պոլսում լույս տեսնող Ագօս   պարբերականը գրում է, որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանին նամակ է հղել, որով դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Վստահեցնելով, որ «Բունդեսթագի որոշումը հայ ժողովրդի մոտ խորին ափսոսանքի զգացում է ծնել»՝ արքեպիսկոպոսը Էրդողանին իր ցավն է հայտնել կատարվածի առիթով.

«Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհրդարանը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»,— ասվել է Աթեշյանի նամակում:

Նամակում նաև ասվում է, որ Գերմանիայի կողմից սեփական մեղքը 1915 թվականի իրադարձությունների մեջ ընդամենը մի քանի նախադասությամբ նշելը և ողջ մեղքը միայն Օսմանյան կայսրության վրա բարդելն էթիկական տեսանկյունից ճիշտ չէ: Բացի այդ, արքեպիսկոպոսը կասկած է հայտնել, որ Բունդեսթագի որոշումը այնքան էլ չի արտահայտում գերմանացի ժողովրդի զգացմունքները.

«Ցավոք սրտի, հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությանն ու ազգին պատժելու համար»,- գրել է Աթեշյանը: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գրամանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Թողնել պատասխան