Թյուրիմացություն, որի հետևանքով կորոնավիրուսը կարող է հասնել Նինոծմինդա

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ մայիսի 31-ին:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այսօր նրանք հաղորդագրություն են ստացել այն մասին, որ նշված պացիենտի թեստի պատասխանների հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել:

«Ժամը 15:00-ի սահմաններում հատուկ շտապ օգնության խումբ ժամանեց Ղաուրմա գյուղ, որտեղից պացիենտին տեղափոխեցին Գորիի հոսպիտալ: Այժմ մենք ունենք արդեն ցուցակները, և լրիվությամբ պատրաստ ենք, որպեսզի կորոնավիրուսի հաստատվելու դեպքում կատարենք պացիենտի հետ կոնտակտի մեջ եղած մարդկանց հետազոտությունը»,- նշեց Եղոյանը:

Կատարվածը հաստատել է նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ում խոսքով, ելնելով այն բանից, որ նա տանը անցկացրել է երկու օր՝ պացիենտի ընտանիքի անդամները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: